ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում դեկտեմբերի 2-ին կայացավ Սամվել Շահրամանյանն ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտտի նախարարության և Նժդեհ Հովսեփյանի գործով դատական նիստը, այն նախագահում էր դատավոր Աշոտ Հովհաննիսյանը։
Նիստին ներկա էին շուրջ մեկ տասնյակ ԶԼՄ ներկայացուցիչներ, ովքեր միջնորդեցին, որ դատական նիստը տեսաձայնագրվի և ուղիղ եթերում հեռարձակվի։ Միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Ռոման Երիցյանը, սակայն պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրոնյանը հայտարարեց, որ հանրային հետաքրքրություն չկա և առարկեց՝ թույլ չտալով տեսանկարահանում։ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը ևս առարկեց։ Դատարանը թույլ չտվեց նիստը տեսանկարահանել։
Փաստերի փոփոխման վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։
Փաստաբան Ռոման Երիցյանը հայտարարեց, որ հայցվորը չպետք է ապացուցի Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում աշխատելու հանգամանքը, քանի որ դա հայտնի փաստ է, ինչպես նաև հայցվորը հայցը ներկայացրել է ոչ որպես նախագահ։
Ներկայացված միջնորդությունը մերժվեց։
«Դատարանը նախորդ նիստում արդեն իսկ քննարկել է, թե՛ հայցի առարկան, թե՛ փաստական հիմքերը, թե՛ իրավական հիմքերը, այդ թվում՝ առարկությունների հիմքում դրված փաստական և իրավական հիմքերը և բաշխել է ապացուցման պարտականությունները կողմերի միջև։ Այն փաստերը, որոնք, որ դատարանը որոշել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեն, հենց միայն դրանք էական նշանակություն ունեն։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ պատասխանող կողմը ցանկանում է հասկանալ, թե ի վերջո ո՞վ է պատասխանող կողմը, ապա մենք նախորդ դատական նիստում քննարկել ենք այլ անձանց ներգարվելու հարցը, ինչպես նաև ոչ պատշաճ հայցվորին, ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ նոր պատասխաող ներգարվվելու հարցերը։ Նման միջնորդություններ ներկայացված չեն եղել, այդ թվում Ձեր կողմից, հարգել պարոն Սիրունյան։ Մենք այդ դատավարական փուլն այլևս անցել ենք։ Այդ հարցերը այլևս չեն կարող քննարկվել։ Մենք ունենք ներկայացված հայց պատվի և արժանապատվության վերաբերյալ։ Մենք բացառապես քննելու ենք այն հարցերը, որոնք կապված են այն արտահայտությունների կամ մտքերի հետ, որոնք հնարավոր է, որ արատավորում են կամ վիրավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը»,-նշեց դատավորը։
Նժդեհ Հովսեփյանի ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի Սամվել Շահրամանյանը որպես վկա հարցաքննվի, նույնաբովանդակ միջնորդություն էր ներկայացրել նաև փաստաբան Ռոման Երիցյանը։
«Սամվել Սերգեյի Շահրամանյանն այս գործով ունի հայցվորի դատավարական կարգավիճակ և որպես հայցվորի ներկայացուցիչ ես արդեն միջնորդել եմ, որ դատավարության ընթացքում լսենք Սամվել Շահրամանյանին հայցվորի կարգավիճակով»,-ասաց Ռոման Երիցյանը։
Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ իրենք հասկանում են, որ հայցը սովորական չէ, շատ ծավալուն է և հայցվորը նկարագրել է, թե ինչ իրադարձություններ և դեպքեր են նախորդել ու հաջորդել վիճելի փաստին։ Սիրունյանն ասաց, որ ինքը ուզում է համզված լինել, որ հայցում առկա պնդումները քաղաքացի Սամվել Շահրամանյանի պնդումներն են։
Նախագահող դատավորն ընդգծեց, որ դա հայցվորի վրա է դրված, իսկ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ դասագրքում գրված տվյալները համապատասխանում են իրականությանը։
«Այն փաստը, որ նշված տեղեկությունն արատավորել է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը և բարի համբավը, ապացուցվելու է հենց հայցվորի ցուցմունքով, ուստի միջնորդում եմ դատարանին լսել նաև անձամբ հայցվորին»,-ասաց Ռոման Երիցյանը։
Դատարանը բավարարեց Ռոման Երիցյանի միջնորդությունը և մերժեց Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը։
«Պատասխանողի՝ հայցվորին որպես վկա հարցաքննելու միջնորդությանն անդարադառնալով՝ դատարանը որոշեց մերժել միջնորդությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ուղղված չէր որևէ փաստի ապացուցմանը, այդ թվում՝ հայցվորի վրա դրված ապացուցման ենթակա փաստերի հերքմանը, չնայած այն հանգամանքին, որ ըստ էության՝ հայցվոր կողմը չառարկեց, որպեսզի այդ համատեքստում պատասխանող կողմն իր հարցերը տա, հետևաբար` դատարանը կթույլատրի այդ հարցերը տալ»,-ասաց դատավոր Աշոտ Հովհաննիսյանը։
Դատավորի հարցին ի պատասխան՝ հայցվոր կողմն ասաց, որ հայցը պնդում են ամբողջությամբ, իսկ պատասխանող կողմն ասաց, որ հայցը չի ընդունում։
Դատավարության կողմերն ասացին, որ գործը պատրաստված է դատաքննությանը։ Դատարանը նշեց, որ անմիջապես կարող են անցել դատաքննությանը, սակայն պատասխանող առաջարկեց նիստը տեղափոխել այլ օր։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2026 թվականի հունվարի 8-ին։
Հիշեցնենք, որ պահանջում ասվում է․ «Դատարանին խնդրում ենք պարտավորեցնել պատասխանողներին հերքել «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ « (․․․) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր»: Որպես հերքման ձև պատասխանողներին պարտավորեցնել հրապարակային հնարավոր բոլոր եղանակներով, այդ թվում՝ հերքումը կրթական ծրագիր մտցնելու միջոցով հրապարակել հետևյալ տեքստը․ «Հայաստանի պատմություն 9-րդ դասարանի դասագրքի «ԼՂ հարցը միջազգային ասպարեզում․ վերադարձ պատերազմին» 5․3 գլխի «ԼՂ-ի հայաթափումը» ենթավերնագրի տակ արտացոլված համապատասխան հետևյալ տեղեկությունը․ « (․․․) ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» կեղծ է և ոչ իրական։ Իրականում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական կողմը ուղղակի պահանջով և բնակչության սպանդի սպառնալիքով Արցախի նախագահին առաջարկել է հրավիրել Ազգային ժողովի նիստ և ընդունել Արցախը լուծարելու մասին հռչակագիր։
Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։ Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։ Հասկանալով իրավիճակի լրջությունն ու հաշվի առնելով շրջափակման փաստը՝ Արցախի նախագահն առաջարկել է հռչակագիրը փոխարինել իր իսկ կողմից ընդունված հրամանագրով։ Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես ադրբեջանական պահանջի այլընտրանք, նման հրամանագիր չընդունելով հանդերձ, Արցախի տեղեկատվական շտաբի էջով տարածվել է հայտարարություն՝ Արցախը լուծարելու մասին թիվ թիվ ՆՀ-657-Ն հրամանագրի գոյության մասին։ Հայտարարության նպատակը ՀՀ-ԱՀ միջպետական ճանապարհի ապաշրջափակումն էր և բնակչության սպանդի կանխումը։
Հայաստան տեղափոխվելուց հետո հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է հրամանագիր՝ արդեն այն գրավոր տեսքի տալով ու ստորագրելով, որով նույն հարթակում անվավեր է ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։
Ո՛չ այս հրամանագիրը և ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրի մասին որևէ հայտարարություն իրավական ուժ չունեին, երկուստեք հակասում էին թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար՝ որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող»։
Հասմիկ Սարգսյան
—00—ՍՊ