Լիուլի կատարել ենք մեր խոստումը․ 2021-ին խոստացել էինք միջինում տարեկան 7 տոկոս տնտեսական աճ, ինչն էլ ապահովել ենք. Փաշինյան

Այս գումարման ԱԺ-ի հետ մեր աշխատանքն ընդհանուր առմամբ լավ եմ գնահատում և գոհ եմ կառավարության կատարած աշխատանքից: Այս մասին այսօր ԱԺ-ում անցնող տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

« Իհարկե գերազանց չեմ գնահատում, այլ գնահատում եմ լավ: Եվ ուզում եմ ասել, թե ինչու եմ լավ գնահատում: Մենք վստահ կանխատեսումներ ունենք 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների կատարման առումով, և պիտի ասեմ, որ վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի կլինեն 1 տրիլիոն 542 մլն դրամով կամ 133 տոկոսով:

Այս տարվա բյուջեի հավելյալ, ավելացած մասը 2017-ի համեմատ ավելին է, քան 2017-ի ընդհանուր բյուջեն, այսինքն՝ մեր ավելացած մասը 2017 թվականի տարեկան բյուջեից ավելին է»,- նշեց Փաշինյանը:

Նա միաժամանակ հիշեցրեց՝ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք խոստացել էին, որ միջինում տարեկան կապահովեն 7 տոկոս տնտեսական աճ:

«Այս խոստումը լիուլի կատարված է, որովհետև վստահ ենք, որ 5 տարիների արդյունքում նվազագույնը, ամենանվազ տարբերակն ասեմ, 7,5-7,6 տոկոս տնտեսական աճ կապահովենք»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՆԱ-ի ցուցանիշներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ 2021-2024 թվականներին ՀՆԱ-ն աճել է 36,6 տոկոսով: Ըստ Փաշինյանի՝ սա շատ լավ ցուցանիշ է:

Այն, որ այս փոփոխություններն ազդել են մարդկանց կյանքի որակի վրա, այդ մասին, ըստ Փաշինյանի, վկայում է Ջինիի գործակիցը:

«Վերջին ցուցանիշներով՝ Հայաստանն էական բարելավում է ունեցել այս տեսանկյունից, և նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարները, արդյունքը, դրա բաշխումը հնարավորինս հավասար ու արդար են տեղի ունենում»,- ասաց նա:

Leave a Comment