Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսներին Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը․ Bloomberg

Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Անկարան մտադիր է վերացնել Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը և հող նախապատրաստել Հարավային Կովկասում առևտրի վերականգնման համար»,- գրում է կայքը։ 

Ըստ հոդվածի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի պաշտոնականացումը կարող է կայունություն բերել տարածաշրջան, որը կենսական նշանակություն ունի էներգետիկ խողովակաշարերի համար, որոնք Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից նավթ և գազ են տեղափոխում դեպի Եվրոպա։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի հետ դիվանագիտական ​​առաջընթացը և Թուրքիայի հետ սահմանի բացումը զգալի խթան կհաղորդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Եթե նա հաղթի ընտրություններում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կկարողանա աշխատել Փաշինյանի հետ և ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ ըստ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին անմիջականորեն ծանոթ աղբյուրների։ Միայն դրանից հետո Թուրքիան կարող է դեսպան նշանակել Հայաստանում՝ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու համար։

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները չեն արձագանքել գործակալության հարցումներին։

Հոկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Անկարայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը միայն ժամանակի հարց են։ Նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Բաքվի հետ միաժամանակ շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նոյեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը և տնտեսության վերականգնումը։

Leave a Comment