Տեր Թադեն կարգալույծ է հռչակվել

Տեր Թադեն կարգալույծ է հռչակվել

3 դեկտեմբերի 2025 – 13:21 AMT

PanARMENIAN.Net – ՀԱԵ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Դեկտեմբերի 2-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը:

«Ըստ հիմնավորումների Թադե քահանան՝

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,

գ/ պատարագներին Ամենայն Հայոց կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Տեր Թադեն նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ տեր Արամ) մատուցած «պատարագին»։ Նա նաև աջակցություն էր հայտնել կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։

Leave a Comment