Փաստաբան. ՔԿ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից ԶԼՄ–ներին հայտնած տեղեկությունը

Փաստաբան. ՔԿ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից ԶԼՄ–ներին հայտնած տեղեկությունը

3 դեկտեմբերի 2025 – 10:19 AMT

PanARMENIAN.Net – Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ էլեկտրոնային փոստի միջոցով Քննչական կոմիտեից ստացել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, որը բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։

Ըստ նրա՝ «այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը»։

«Ես պետական ծառայության 15 տարուց ավել և փաստաբանության երեք տարվա փորձառության ընթացքում այսպիսի անհեթեթության չէի հանդիպել․․․ Այսինքն ամբողջ եզրակացությունն ուղիղ կես էջ է։

Բայց սա էլ դեռ ամբողջը չի։ Այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Այս տեղեկությունը իրականությանը չի հաապատասխանում։

Հիմա տեսեք, թե ինչ է եզրակացրել փորձագետը, որը տեսագրության մեջ պատկերված անձի և համացանցից որպես նմուշ վերցված Արշակ սրբազանի լուսանկարը համեմատել է իրար։

Քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի և կզակի շրջանի ձևը, ինչպես նաև սանրվածքը համընկնում են, և այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոցներ, ապա կարելի է եզրակացնել, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։

Այսինքն ի՞նչ է ստացվում։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ լսի, հա էլի, նման են բայց իրար։ Լավ, բայց մենք ե՞րբ ենք ասել, թե կեղծ տեսագրության մեջ պատկերված անձն ընդհանրապես նման չէ Արշակ սրբազանին։ Մենք ե՞րբ ենք ասել, թե՝ կեղծված տեսագրության մեջ առկա տղամարդն ունի փարթամ գանգուր մազեր, նուրբ ու վիրահատած քիթ։ Պարզ չի՞ որ ցանկացած մեկին ցույց տաս այդ տեսագրությունն ու Արշակ սրբազանի նկարը նա էլ կասի՝ «հա էլի, լսի, ոնց որ նման են իրար»։ Սա՞ է ձեր փորձաքննությունը։

Իսկ ամենակարևորը․ փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն՝ քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թէ օրինակ արհեստական բանականությամբ ստեղված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։

Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 25-ին «Հայկական Վիկիլիկս» անունով նորաբաց տելեգրամյան ալիքը հրապարակել է ինտիմ բնույթի տեսանյութ, որը վերագրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Արշակ սրբազանն ի պատասխան ասել էր, որ անգամ գերլարված ջանքերով չի պատրաստվում զբաղվել հորինվածքների ու զրպարտությունների հերքումով՝ համարելով առավել ողջամիտ դրանք անտեսել։ Դեկտեմբերի 1-ի ասուլիսում Արշակկ սրբազանը հայտարարել է, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծված են։

Leave a Comment