2025-ի ավարտին ծրագրված 5,5 տոկոս բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոսը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ. Վահե Հովհաննիսյան


Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլևս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում կատարելագործվելու և զարգանալու անչափելի ազատություն և հրաշալի հնարավորություններ: Այս մասին այսօր խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին իր ելույթում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:


Առիթն օգտագործելով՝ նախարարը տեղեկացրեց՝ 2025 թվականի բյուջեի կատարման ընթացքի վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 2025 թվականի ավարտին ծրագրված 5,5 տոկոս բյուջեի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոսը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ:


«Դրա արդյունքում պետական պարտքը չի հատի ՀՆԱ-ի նկատմամբ 50 տոկոս շեմը»,- ընդգծեց նախարարը: 


Նրա խոսքով՝ 2026 թվական մուտք ենք գործում ավելի քան վստահ՝ կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով և ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ, կառուցելու մրցունակ և ներառական Հայաստան, համոզված, որ ձեռնարկվող բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքները, որ տնտեսության ներուժը ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նպատակային և արդար:

Leave a Comment