Ավանեսյանը հայտնել է Հայաստանում շրջանառվող գրիպի տեսակները – Armenia Today

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում տարածված վարակների ֆոնին հայտնել է շրջանառվող գրիպի տեսակները։

«Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում: Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները»,- տեղեկացրել է նախարարը։

Նա նշել է, որ գրիպի այդ տեսակների ախտանիշներն են` բարձր՝ 39-40 աստիճան ջերմությունը, հազը, քթահոսությունը, մկանահոդացավը: Նախարարի խոսքով՝ շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։

Ավանեսյանը հավելել է, որ սուր շնչառական վարակների սեզոնին Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության նախարարության հետ համատեղ նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտր», որի սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը անցնում է հեռավար ձևաչափի։ Նա քաղաքացիներին նաև կոչ է արել պատվաստվել գրիպի դեմ։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանը նոյեմբերին Armenia Today-ին հայտնել էր, գրիպի դեմ պատվաստանյութը նպաստել է թոքաբորբի դեպքերի թվի նվազմանը և բարդությունների կանխարգելմանը:

Leave a Comment