
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածքային խնդիրները, առանց որոնց Ռուսաստանը չի տեսնում Ուկրաինայի ճգնաժամի լուծումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրի էությունը, այլ ոչ թե կոնկրետ առաջարկները։ «Մենք չենք քննարկել կոնկրետ ձևակերպումներ կամ առաջարկներ, այլ ամերիկյան փաստաթղթերում պարունակվողի էությունը»,- նշել է Ուշակովը։
Նա նաև ասել է, որ դեռևս փոխզիջումային տարբերակ չի գտնվել, բայց որոշ ամերիկյան մշակումներ քիչ թե շատ ընդունելի են թվում և դրանք կարելի է քննարկել։
«Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ աշխատանքը՝ հուսալի և երկարաժամկետ կարգավորման հասնելու համար»,- հավելել է Ուշակովը։
Նշենք, որ երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։