Չեն ստուգել իրական լինելը. փաստաբանը՝ արքեպիսկոպոսին վերագրվող ձայնագրության դատատեսաձայնագրային փորձաքննության մասին

Դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննությամբ չի ստուգվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսագրության իսկությունը, հայտարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեից ստացել է Արշակ սրբազանին վերագրվող տեսագրության առնչությամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը, որը բաղկացած է ընդամենը մեկ էջից, որի կեսից ավելին լուսանկար է։

Նրա խոսքով՝ այդ «եզրակացությամբ» ամբողջությամբ հերքվում է քննչական մարմնից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, թե՝ «Հաստատվել է տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը»։ Նա պնդել է,ո ր այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Փաստաբանը նշել է, որ փորձագետը գնահատել է միայն տեսագրության մեջ երևացող անձի և Արշակ սրբազանի նմանությունը և քննչականին չի հետաքրքրել, թե արդյո՞ք տեսագրությունն իրական է, թէ օրինակ արհեստական բանականությամբ ստեղծված։ Կամ հնարավո՞ր է, որ մոնտաժման միջոցով է ստացվել այդ տեսագրությունը։

«Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի»,- հավելել է Բաբայանը

Leave a Comment