ՀԱԵ Տավուշի և Ուկրաինայի թեմերն աջակցություն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։
Ուկրաինայի Հայոց թեմն անհանգստություն է հայտնել Հայաստանում և հատկապես եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
«Դատապարտելի է մեզ համար տարբեր աստիճանակարգություն ունեցող մեր եկեղեցականների հակականոնական և պառակտիչ ընթացքը, որը ցավալիորեն արտահայտվում է իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին և հարձակումներին համահունչ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են թեմի 9 եկեղեցիները քահանաները:
Նրանք հիշեցրել են, որ հոգևորականներն ուխտ են անում խոստանալով հավատարիմ մնալ Սուրբ Էջմիածնին, հնազանդվել և կատարել Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահին ուղիղ հաջորդականությամբ բազմած Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վերոնշյալ հնազանդությունը արտահայտվում է նաև եկեղեցական արարողությունների և հատկապես Սուրբ Պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի, թեմակալ առաջնորդի ինչպես նաև Հայաստան աշխարհի հիշատակմամբ:
Միտումնավոր կերպով այս հատվածի զեղջումը համապատասխանաբար հրաժարումն է տրված ուխտից, շեշտել են նրանք:
Տավուշի թեմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցած քահանայից ժողովը վերահաստատել է իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Հայտարարությունը ստորագրել է թեմի 15 հոգևորական։
«Ելնելով ստեղծված և ոչ ընդունելի իրավիճակից՝ վերստին հաստատում ենք՝ շարունակել մեր հոգևոր ծառայությունը նվիրումով, արդարության և ճշմարտության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ Գրքի ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատացյալ ժողովրդի»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հոգևորականների դասն իր հավատարմությունն էր հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին։ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը դատապարտել էր իշխանությունների «հակաեկեղեցական արշավը» և որոշ եկեղեցականների որդեգրած «կանոնազանց և պառակտիչ մոտեցումները»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականնը՝ հայտարարելով, նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Վերջինը տեղի էր ունեցել նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Սարգիս եկեղեցում, որից հետո թե՛ Փաշինյանը, թե՛ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չէին պատասխանել Armenia Today-ի հարցին, թե ինչու է զեղչվել վեհափառի անունը։
Նոյեմբերի 30-ին եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել։ Հայտարարությունն ստորագրել էր Հայ Առաքելական եկեղեցու 10 հոգևորական։ Նրանց մեծ մասն ավելի վաղ ստորագրել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հրաժարականը պահանջող հայտարարություն, ինչպես նաև մասնակցել էր Փաշինյանի հետ հանդիպմանը։ Կաթողիկոսի հրավերով դեկտեմբերի 10-12-ը կգումարվի Եպիսկոպոսաց ժողով։
Կարդացեք նաև՝
