2 դեկտեմբերի 2025 – 17:41 AMT
PanARMENIAN.Net – Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ չի ցանկանում շտապել ու մեկնաբանություններ անել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերաբերյալ, որը միացել է եպիսկոպոսների հայտարարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Հաջորդ օրը ես հանդիպել եմ Արցախի թեմի առաջնորդի հետ։ Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում։ Արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր իրենց ղեկավարի՝ Վեհափառի հետ, և ստացել եմ բացասական պատասխան։ Ըստ այդմ, ես եզրակացություններ արել եմ»,-ասել է Շահրամանյանը՝ նշելով, որ այժմ զերծ կմնա մեկնաբանություններից, հայտնում է Panorama.am-ը։
Արցախի նախագահն ասել է, որ բոլորին հայտնի է Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, մի քանի անգամ ինքը կաթողիկոսին հանդիպելու ու այդ դիրքորոշման համար նրան շնորհակալություն հայտնելու հնարավորություն է ունեցել։
Նրան հարցրել են, թե արդյոք իր համար կանխատեսելի է եղել Արցախի թեմի առաջնորդի վարքագիծը։
«Ամենացավալին այն է, որ մենք ականատես ենք լինում եկեղեցու ու կառավարության միջև այդ հակադրությանը, իմ կարծիքով այն չպետք է հանրայնացվեր։ Դա պետք է իրականացվեր փակ դռների հետևում պատշաճ կարգով, առանց լայն հասարակությանը ներգրավելու»,- նշել է Շահրամանյանը։
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իր ստորագրությունը դրել է Արշակ Սրբազանի դեմ հնչեցված հայտարարության տակ և հետագայում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, ինչը ոչ միանշանակ է ընդունվել արցախցիների շրջանում։