Վրաստանի խոսնակը BBC-ի հոդվածը որակել է հիբրիդային պատերազմ Թբիլիսիի դեմ – 5tv

BBC մեդիակորպորացիայի կողմից հրապարակված հոդվածը  Վրաստանի դեմ կիրառվող հիբրիդային պատերազմի մարտավարություն է, լրագրողներին հայտնել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը քրեական հետաքննություն է սկսել BBC-ի հրապարակման կապակցությամբ, որը վերաբերում 2024 թվականին Թբիլիսիում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական նյութի ենթադրյալ կիրառմանը։

«Դա ցույց տվեց, որ Վրաստանի դեմ օգտագործվում է հիբրիդային պատերազմի մարտավարություն, և հենց այդ սյուժեն և դրա հիման վրա մոգոնված հերյուրանքը ծառայում են հենց այդ նպատակին։ Դա հենց հիբրիդային պատերազմի մարտավարությունն է, այս դեպքում BBC-ի սյուժեն օգտագործվել է որպես զենք, թեև  պատվիրատուները և նրանց նպատակները շատ պարզորոշ բացահայտվել են արձագանքներով և դրա շուրջ տիրող իրավիճակով, որը մենք տեսանք այդ սյուժեից հետո», – հայտարարել է Պապուաշվիլին։

Խորհրդարանի խոսնակի խոսքով՝ բուն հոդվածից ավելի կարևոր է այն հանգամանքը, ինչը պարզվեց դրա հրապարակումից հետո, մասնավորապես, այն սխեման, թե ինչպես է կազմակերպված կերպով տարածվում կեղծ պատմությունը։

Նրա խոսքով՝ գործընթացն, ընդհանուր առմամբ, նույնիսկ օգտակար է, քանի որ, վերջին հաշվով, բացահայտվում են բոլորը՝ թե՛ գործակալը, թե՛ նա, ով նրան առաջադրանքներ է տալիս:

Ավելի վաղ BBC-ն հրապարակում էր արել, ըստ որի Վրաստանի իշխանությունները 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ճնշելու համար, ենթադրաբար, օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ բրոմբենզիլցիանիդ կամ կամիտ: Լրատվամիջոցը հղում էր անում 2024 թ. նոյեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի առջև բողոքի ակցիային մասնակցած ցուցարարներից մեկին՝ Կոնստանտին Չախունաշվիլուն:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ BBC-ի դեմ դատական ​​հայցեր են ներկայացվելու միջազգային դատարաններ՝ չհաստատված տեղեկատվություն տարածելու համար

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր թիմը ժամանակին BBC-ին մանրամասն պատասխան էր տվել ցուցարարների դեմ ենթադրաբար քիմիական նյութեր օգտագործելու մասին հարցման առնչությամբ, սակայն այն ամբողջությամբ անտեսվել է։ 

Leave a Comment