Վարդևանյան. Ի հեճուկս հետապնդումներին և կալանքներին՝ Մայր աթոռը պաշտպանված է հասարակության կողմից

Վարդևանյան. Ի հեճուկս հետապնդումներին և կալանքներին՝ Մայր աթոռը պաշտպանված է հասարակության կողմից

2 դեկտեմբերի 2025 – 14:27 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀԱԵ շուրջ զարգացումներին, ընդգծել է Սահմանադրությամբ ամրագրված կարգավիճակի կարևորությունը։

Նա նաև նշել է, որ «ի հեճուկս աբսուրդային քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»։

«Ակնհայտ է, որ Եպիսկոպոսաց դասի թվով 10 անդամների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության, համակարգման հետևանքն է, դա նաև կատարվում է բաց և թափանցիկ։ Ի դեպ չեք գտնի որևէ Եվրոպական երկիր, որում նման նույնիսկ մոտարկված փորձ լինի։ Միաժամանակ Մայր Աթոռի սահմանադրական երաշխիքից և օրենսդրական կարգավորումներից առավել քան հստակ է, որ այդ թվով 10 անդամի վարքը պետք է ունենա հետևանքներ, դրա բոլոր մեխանիզմներն առկա են։ Հենց այդ իմաստով նաև տեղեկատվությունն առ այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում չափազանց կարևոր է։

Միաժամանակ այս ամենն ապացուցում է, որ Մայր Աթոռը պաշտպանության կարիք ունի։ Հենց այս ամենն ապացուցում է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հինգ ամսից ավելի տևող ապօրինի կալանքի է հանգեցնում, քանի որ օրվա իշխանությունները չեն հանդուրժում նաև այն, որ Մայր Աթոռը լինի պաշտպանված։

Ի դեպ այս հինգ ամսից ավելի ժամանակահատվածն ապացուցում է, որ ի հեճուկս այդ ամենին, աբսուրդային քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից, վախը չի գերակայելու, իրավունքը գերակայելու է»,– գրել է նա։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ «Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։

Leave a Comment