Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր գործով նախաքննությունն ավարտվել է

Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր գործով նախաքննությունն ավարտվել է

2 դեկտեմբերի 2025 – 11:45 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ ավարտվել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի գործով նախաքննությունը։

Նշվում է, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր վարույթում գտնվող քաղաքացիական գործով դիտավորությամբ առանձին դեպքերում չի կատարել, իսկ որոշ դեպքերում ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել անձանց և պետության իրավունքներին ու օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք, այն է՝ հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կողմից կայացված ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը:

Մասնավորապես պարզվել է, որ դատավոր Նաիրա Գրիգորյանը 2022 թվականին շահագրգռվածություն ունենալով՝ վարույթ է ընդունել քաղաքացիական գործ, որը ներկայացվել է իր ազգականի կողմից, այն դեպքում, երբ առկա են եղել դիմումը վերադարձնելու իրավական հիմքեր։ Գործը վարույթ ընդունելուց հետո նա նիստում չի հայտնել ներկայացուցչի հետ ազգակցական կապի մասին, անտեսել է ինքնաբացարկի հիմքերը և թույլատրել է մասնակցել դատաքննությանը փաստաբանական իրավունքներ չունեցող ազգականին՝ որպես դիմումատուի ներկայացուցիչ։

«Վերջինիս ներկայացրած դիմումը դատավորը բավարարել է ամբողջությամբ՝ կայացնելով ակնհայտ անարդար վճիռ, այն դեպքում, երբ պարտավոր էր վեճի առարկայի հիմքով դիմումն առանց քննության թողնել։

Այս գործողությունների հետևանքով, դատական իշխանության ներկայացուցիչը չարաշահելով իր պաշտոնական դիրքը, անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքի. հանցավոր խմբի անդամները այդ վճռի հիման վրա խարդախությամբ հափշտակել են 38,200,000 ՀՀ դրամ արժեքով անշարժ գույք և այդ միջոցները օրինականացրել։

ՀՀ գլխավոր դատախազն այդ հիմքով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության տրամադրման համար, որն արդեն բավարարվել է։ Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելք և 5 միլիոն ՀՀ դրամ գրավ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և դրա նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատման ու դատարան փոխանցելու միջնորդությամբ։

Leave a Comment