«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանել է հարցին, թե արդյոք Ամանորին կարող ենք սպասել ձյան
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Փաստինֆո -ի հետ զրույցում խոսել է դեկտեմբեր ամսին սպասվող եղանակային կանխատեսումների մասին։
«Ըստ եղանակային կանխատեսումների օդի ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմայից մոտ 10 %-ով պակաս։ Սպասվում է փոքր-ինչ տաք և սակավ տեղումներով դեկտեմբեր ամիս, ինչը բնորոշ է վերջին տարիներին։ 2017թ.-ից սկսած մենք գրեթե բոլոր տարիներին ունենք նորմայից բարձր ջերմաստիճաններ դեկտեմբեր ամսվա համար»,- ասել է Ազիզյանը։
Նա նշել է, որ այսօրվա դրությամբ ՀՀ-ում ձնածածկույթի լուրջ պակաս կա և եթե այս ժամանակահատվածի համար պետք է ունենայինք 3200 մետր բարձրության վրա 60-70 սմ ձյուն, ապա հիմա մինչև 3200 մետր բարձրությունների վրա ձյունը պակասում է,ինչը բացասական ազդեցություն կունենա մյուս տարվա ջրային ռեսուրսների վրա։
«Դա բացատրվում է նրանով, որ Հանրապետությունում ջրային ռեսուրսների գլխավոր գործոնը ձնհալն է»,- ասել է Ազիզյանը։
Նա նշել է, որ տեղումները որոշակի դերակատարություն ունեն օդի աղտոտվածության լավացման տեսակետից, սակայն այսօրվա դիտված տեղումները միջին քանակությամբ էին, բայց անտիցիկլոնային դաշտը Արարատյան դաշտում որոշակիորեն քայքայվել է։
«Այն անտիցիկլոնային դաշտը, որը ձևավորվել էր Արարատյան դաշտում որոշակիորեն քայքայվեց, իհարկե ոչ ամբողջությամբ, բայց սառը օդի լճացման գործընթացը դադարեց որոշակիորեն, ինչը դրական ազդեցություն կունենա օդի որակի վրա»,-պարզաբանել է Ազիզյանը։
Հարցին,թե Ամանորին կարող ենք սպասել ձյան, տնօրենը պատասխանեց, որ դա կարելի է կանխատեսել դեկտեմբերի 25-ին։
«Նմանատիպ կանխատեսումներ մենք կարող ենք տալ հնգօրյա վաղօրոքությամբ, երկարաժամկետ կանխատեսումներ չենք կարող տալ»,-ասաց նա։