Մինսկի խմբի լուծարումը մեծ մեղք էր, որը գուցե երբեք չմաքրվի 

Արցախի հարցի կարգավորման համար կազմավորված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց դեկտեմբերի 1-ին՝ ճիշտ այն օրը, երբ 1989-ի դեկտեմբերի 1-ին ընդունվել Հայաստանի և Արցախի միավորման մասին պատմական որոշումը։

Ի՞նչ նշանակություն ուներ Մինսկի խումբն, ու ինչո՞ւ էին չբարեկամները ձգտում փակել այն։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992-ին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար համակարգված միջնորդություն ձևավորելու նպատակով։ Այն միջազգային միակ հարթակն էր, որը ճանաչում էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններում մշտապես նշվում էր ինքնորոշման իրավունքի սկզբունքը հարգելու, դրանով առաջնորդվելու մասին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգային միակ կառույցն էր, որ պաշտոնական հանդիպումներ էր ունենում ԼՂՀ ղեկավարների հետ։ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի, ֆրանսիացի, ռուս համանախագահները հանդիպումներ էին ունենում Արցախի ղեկավարների հետ ծանոթացնում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթղթերին։ Այսինքն՝ այս կառույցի միջոցով աշխարհը փաստացի ճանաչում էր, որ Արցախը սուբյեկտ է, ունի ձայնի իրավունք։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները սկսեցին էապես տարբերվել 1995-ի մարտի 16-ից հետո, երբ Հայաստանը և ՌԴ-ն խախտեցին նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը և ՀՀ-ում տեղակայեցից ռուսական ռազմակայան։ Այս մեծ հետընթացից հետո Մոսկվան աշխարհում ներկայանում էր որպես Հայաստանի նկատմամբ իրավունք ունեցող։ Իսկ քանի որ ՀՀ-ն ներկայանում էր որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ապա ՌԴ-ն հանդես էր գալիս նաև Արցախի նկատմամբ իրավունք ունեցող։ Այս դիրքը շահարկելով, ՌԴ-ն պարբերաբար խոչընդոտում էր ԵԱՀԿ ՄԽ ջանքերը Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ, հույս փայփայելով, որ մի օր կարող է Հայաստանը դարձել ռուսական ֆորպոստ ու վաճառել Արցախը թուրքերին։

Ռուսաստանի ապակառուցողական մոտեցումները ավելի բացահատ դարձան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մոսկվան ակնհայտ աջակցում էր Բաքվին, վերջինիս ուլտիմատիվ պահանջները փոխանցում ֆորպոստի վարչապետ կարգված Փաշինյանին։ ՌԴ նախագահն է թելադրել նոյեմբերի 9-ի կապտուլյացիոն հայտարարության տեքստը։ Իսկ պատերազմից հետո նա առաջինն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս։

44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր ճանաչում Արցախի զավթումը։ Մինչև նոյեմբերի 9-ը ԵԱՀԿ Միսկի խումբը բոլոր հայտարարություններում ընդգծում էր, որ պետք է բացառվի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր ընդունում Արցախի զավթումը որպես հարցի կարգավորման լեգիտիմ միջոց։ Այսպիսով՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հայ ժողովուրդն ուներ միջազգային լուրջ դաշնակից Արցախի ազատության համար պայքարում, քանի այս կառույցը ապօրինի էր ճանաչում Արցախի զավթումը։

ԵԱՀԿ մինսկի խումբը սկսեց ճաքեր տալ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։ Որոշ ժամանակ անց Բաքուն ու Մոսկվան իրար լրացնելով սկսեցին խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության մասին, քանի որ այն շարունակում էր չճանաչել ռուս-ադրբեջանական հաջող իրականացված օպերացիայի արդյունքը՝ Արցախի զավթումը։

44-օրյայից հետո էլ ԵԱՀԿ ՄԽ-ն մնում էր Հայաստանի միակ հույսը, որ Արցախի հարցը կարող է հայանպաստ լուծում ստանալ։ Այս կառույցը պատերազմից հետո խոսում էր արցախցիների իրավունքների մասին։ Միջազգային այս ձևաչափը հույս էր ներշնչում, որ Արցախը մի օր կարող էր կրկին ազատագրվել, ճանաչվել Հայաստանի մաս, անկախ պետություն կամ առնվազն՝ Ադրբեջանի կազմում որոշակի ինքնավարություն ստանալ։

Նիկոլ Փաշինյանը փշրեց այդ հույսը, օգոստոսի 8-ին համատեղ դիմելով ԵԱՀԿ ՄԽ լուծարման խնդրով։ Փաստացի՝ Փաշինյանն բավարարեց չբարեկամների պահանջը։ 1989-ի դեկտեմբեր 1-ի որոշումը ի հեճուկս Մոսկվայի էր ու Բաքվի դեմ։ Մոսկվան ու Բաքուն հասան ռևանշի ու Փաշինյանի աջակցությամբ փակեցին Արցախի հարցը։ Արցախի կարգավորան հարցում միջազգային կառույցը սեպտեմբերի 1-ին հայտարարեց լուծարվելու գործընթաց սկսելու մասին մասին, իսկ դեկտեմբերի 1-ից պաշտոնապես դադարեցրեց գոյությունը։

Պարզ ասած՝ չկա Արցախի ինքնորոշման իրավունքը, արցախցիների իրավունքները պաշտպանող միջազգային կառույցը, գոյություն չունի այլևս։ Նիկոլ Փաշինյանի այս մեծ հետընթացը մեծ սխալ էր, որը գուցե չներվի ժողովրդի, միջազգային հանրության կողմից։ Սա Արցախի ազատության համար պայքարի նկատմամբ մեծ մեղք էր, որը գուցե չմաքրվի։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment