ՌԴ Պետդումայի պատգամավորը հայտարարել է, որ WhatsApp-ը երկրում արգելափակվում է «դիվանագիտական ​​բանակցությունների արտահոսքի» պատճառով

Ռուսաստանում WhatsApp մեսենջերի արգելափակման պատճառներից մեկը «դիվանագիտական ​​բանակցությունների արտահոսքն» է։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր, տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Անտոն Գորելկինը, գրում է Meduza-ն։

«Իմ տեղեկությունների համաձայն՝ դիվանագիտական ​​բանակցությունների վերջին արտահոսքը լրացուցիչ, բայց կարևոր խթան հանդիսացավ WhatsApp-ի դեմ ծայրահեղ միջոցների կիրառման արագացման համար։ Եզրակացությունն արվել է. մեսենջերի սեփականատերերը ոչ միայն աչք են փակում դրա անօրինական օգտագործման վրա, այլև իրենք են ակտիվորեն մասնակցում դրան»,- գրել է նա տելեգրամում։

Նոյեմբերի 25-ին Bloomberg-ը հրապարակել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի երկու հեռախոսազրույցների սղագրությունները, մեկը՝ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի, մյուսը՝ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Ձայնագրությունների աղբյուրը և այս զրույցներում օգտագործված կապի ալիքն անհայտ են։

Ինքը՝ Ուշակովը, ակնարկել էր, որ արտահոսքը կարող էր տեղի ունենալ WhatsApp մեսենջերի օգտագործման պատճառով։

Նոյեմբերի 28-ին Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ շարունակում է հետևողականորեն սահմանափակումներ կիրառել WhatsApp-ի նկատմամբ, քանի որ հաղորդագրությունների հավելվածը խախտում է Ռուսաստանի օրենսդրությունը: Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունը պնդում էր, որ հաղորդագրությունների հավելվածն օգտագործվում է ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու և ահաբեկիչների հավաքագրելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների դեմ խարդախություններ և այլ հանցագործություններ կատարելու համար։

2025 թվականի օգոստոսից Ռոսկոմնադզորն արգելափակում է WhatsApp-ում և Telegram-ում զանգերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment