2021 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ-ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72 միլիոն ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքը ավելի է քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ։
Նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա. Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո շահադիտական դրդումներով հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու Վ. Ս.-ին կազմել և ընկերության ներկայացուցիչներին հանձնել իրավունք վերապահող՝ ադամանդյա քարերի ներկրման հայտարարագրի համապատասխանության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ պետական վերահսկողության ակտ, ինչը վերջինիս կողմից կատարվել է։
2021 թվականի հունվարի 26-ին, խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա. Ն.-ն և ձերբակալվել։
ArmLur.am-ը պարզել էր, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված պաշտոնյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանն է։
Իսկ ովքեր էին Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային կաշառք տված՝ ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս գործարարներ Արմեն և Արտակ Բաղիկյաններն են, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ։ Ավելին, 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ ներկա էր գտնվել երկու եղբայրների կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացված «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման վերազինված գործարանի բացման արարողությանը։
Նշենք, որ ադամանդի վերամշակմամբ զբաղվող գործարանը 2018 թ.–ին Աբովյանում հիմնադրել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2014 թվականին հիմնադրված «Արվա Դայմոնդս ԴԲՀԲ» ընկերությունը։
Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ գործարանի բացումը «խաբկանք» է, «բլեֆ», քանի որ այդքան աշխատող երբեք չեն ունեցել, արտադրանք մեծ ծավալներով չեն տվել, իսկ եղբայրները դա ընդամենը բացել են, որպեսզի քողարկեն մաքսանենգությունը՝ մշակված ադամանդ բերեն չմշակվածի տակ, թե իբր գործարանում են մշակել։ Հավելենք, որ ԱԱԾ-ի կողմից գործարար եղբայրները ևս բերման էին ենթարկվել։
Ադամանդի քրեական գործի ճակատագիրը
Այս քրեական գործը 2022 թվականից քննում էր հակակոռուպցիոն դատարանը, և արդյունքում դատարանը որոշում է կայացրել․
-
Մեղադրյալ Արմեն Վալոդյայի Նալբանդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով սահմանված հիմքով։
-
Մեղադրյալ Արտակ Ասպարիկի Բաղիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը նույն հիմքով։
Քնար Մանուկյան
Մանրամանսերը՝ տեսանյութում․