Ծառայակցին ինքնասպանության հասցնելու և բռնություն գործադրելու համար գումարտակի հրամանատարի նկատմամբ քրգործ է հարուցվել․ ՔԿ

Պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու և ևս 5 զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առնչությամբ հրաձգային գումարտակի հրամանատար Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, հայտնել է Քննչական կոմիտեն։

Ըստ հրապարակման՝ Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել Ա.Ղ-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես վերջինիս հեղինակությամբ պայմանավորված խոստումը, ինչի հետևանքով Ա.Ղ.-ն նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը: Օրեր անց՝ նոյեմբերի 13-ին, Ն.Գ.-ն ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով:

Ա.Ղ.-ն մարտական հերթապահության ընթացքում թույլ տրված թերացումների համար պարտադիր ժամկետային հինգ զինծառայողից պարզաբանումներ է պահանջել՝ նվաստացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը և բռնություն գործադրելով։

Զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 12 տարի ժամկետով) և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով), իսկ հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ՝ 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով) և 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով):

Leave a Comment