Բաքուն ձգտում է ներգրավել Եվրոպական Միությանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծում, այդ թվում՝ «Գլոբալ դարպաս» նախաձեռնության միջոցով, EU Today-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության խորհրդական Հիքմաթ Հաջիևը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը ԵՄ-ն համարում է ողջունելի գործընկեր նոր տրանսպորտային հանգույցում։
Հաջիևն ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքով» տարեկան նախատեսվում է տեղափոխել մոտ 15 միլիոն տոննա բեռ։ Նա նշել է, որ երթուղու ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի մինչև 2026 թվականը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:
Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:
