Արշակ սրբազան․ ԱԱԾ–ից եղել է հրավեր հանդիպումների, ակնարկներ` որոշակի գործողությունների

Արշակ սրբազան․ ԱԱԾ–ից եղել է հրավեր հանդիպումների, ակնարկներ` որոշակի գործողությունների

1 դեկտեմբերի 2025 – 14:07 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հաստատել է, որ հանդիպումներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության մի քանի պաշտոնյաների հետ, սակայն ընդգծել է, որ դրանք իրականացվել են հրավերի հիմքով, ոչ թե իրավական պահանջով։

«Ես չեմ կանչվել, ըստ էության ծանուցագրեր չեն ուղարկել, պարզապես եղել է հրավեր հանդիպումների, և մենք հանդիպել ենք: Իհարկե, հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումն արտահայտելու, ես իմ դիրքորոշումն եմ արտահայտել», – ասել է Արշակ սրբազանը, հայտնում է «Ազատությունը»։

Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ ժամանակահատվածում կայացած հանդիպումների մասին է խոսքը: Միայն ասել է, որ երկու նման հանդիպում է կայացել:

Արքեպիսկոպոսին ԱԱԾ հրավիրելու մասին լուրեր տարածվել էին 2024-ի գարնանը:

«Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնել, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչության հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից», – նշել է նա։

Խաչատրյանը անդրադարձել է նաև համացանցում տարածված տեսագրություններին, որոնք ներկայացվել էին իբրև իր մասնակցությամբ։ Նա դրանք անվանել է կեղծիք ու ընդգծել, որ նման տեսանյութերով փորձ է արվում սերմանել ատելություն իր դեմ։

«Ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ամաչեմ», – նշել է նա՝ շեշտելով, որ ոչ միայն ինքը, այլև իր ընտանիքի անդամները հայտնվել են անհարմար իրավիճակում։ Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն հաստատել է, որ տեսանյութում պատկերվածը ինքը չի ճանաչում, մինչդեռ պաշտոնապես հայտարարվել է, որ այնտեղ երևացող անձը հենց ինք է։

«Քննչականին ասել եմ, որ այս գործը, եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով, քանի որ իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտված չէ։ Իհարկե, ես չեմ: Իմ ընտանիքի բոլոր անդամներն էլ շատ տհաճ, անախորժ իրավիճակի մեջ են հայտնվել մեր համերաշխություն քարոզող իշխանությունների թեթև ձեռքով, բայց իրենք էլ միանշանակ հերքում են», – պնդել է նա։

Մայր Աթոռի դիվանապետը նշել է, որ ներկայումս էլ մնում է այդ դիրքորոշմանը:

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։

Leave a Comment