Կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը, և նրա որոշումից դուրս, Կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, ավելին չի լինի, քան դասալքությունը, ասել է արքեպիսկոպոսը
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու, ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա, հայտարարել է Արշակ արքեպիսկոպոսը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաև՝ կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ»,- ասաց նա։
Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ Կաթողիկոսին ընտրում է Ազգային-եկեղեցական ժողովը, և Ազգային-եկեղեցական ժողովի որոշումից դուրս, Կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, ավելին չի լինի, քան դասալքությունը։
Արքեպիսկոպոսը վստահություն է հայտնել, որ Կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել՝ ընդգծելով, որ Կաթողիկոսն ունի եկեղեցու և եկեղեցուն պատկանելության չափազանց բարձր գիտակցություն։
Եկեղացականների հայտարարության մասին
Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ հայտարարություն են տարածել՝ իրենց բողոքն արտահայտելով այն հանգամանքի առնչությամբ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել։
«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին Կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի սրբապիղծ արարքը, դրանով իսկ դառնալով սրբապղծության հովանավոր, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ և իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին՝ «ուղիղ վարդապետությամբ» Հայ Եկեղեցին առաջնորդելու։ Նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։
Այսու դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, Եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝ միանալու աշխարհասփյուռ հայության սրբություն սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու կենսական անհրաժեշտության գործին՝ խստագույնս դատապարտելով Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են Տ. Հովհան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկտրչյանը, Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը։
Տարածված տեսանյութի մասին
Մի քանի շաբաթ առաջ համացանցում հայտնվել են ինտիմ բովանդակությամբ տեսանյութեր, որոնցում, ինչպես հայտարարել են ՀՀ Քննչական կոմիտեից, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Այս առիթով հոգևորականը լրագրողներին հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի այդ տեսանյութերի հետ, և որ դրանք կեղծված են։
«Ես ասել եմ, որ բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն արարքը, որը վերագրում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի կենսագրության ու արածների հետ», — ասել է արքեպիսկոպոսը՝ նշելով, որ իր մասին տեսագրությունները կեղծիք են և սուտ։
Արշակ արքեպիսկոպոսը նաև հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել իր ծառայությունը «միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը դա է ուզում»։ «Բայց կարող է մի պահ գալ, երբ ծառայությունը դադարեցնելն օգտակար լինի օբյեկտիվ քննություն անցկացնելու համար, կօգնի խուսափել մարդկանց մոտ սխալ կարծիք ձևավորելուց։ Իհարկե, ես պատրաստ եմ ցանկացած որոշման», — նշել է նա։