ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին, հայտարարել էր, որ կիրակի օրը կմասնակցի սուրբ և անմահ պատարագի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում։
Պատարագը տեղի ունեցավ, ներկա էր նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Նրա գլխավորությամբ մատուցված պատարագի ժամանակ զեղչվեց Ամենայն հայոց հայրապետի՝ Գարեգին 2-րդ Վեհափառի անունը։
Մայր Աթոռից արդեն բազմիցս հայտարարել են, որ Վեհափառի անունը չհնչեցնելը եկեղեցու կանոնական կարգի խախտում է։
24News-ը փորձեց կապ հաստատել Նավասարդ Սրբազանի և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած մյուս սրբազանների հետ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը, տեսակետը, և թե ինչու՞ է պատարագ մատուցվում կանոնների խախտմամբ։ Մեր զանգերին պատասխանեց միայն Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, օրհնեց և երբ իմացավ, որ լրագրողի հետ է խոսում, անմիջապես անջատեց հեռախոսը։
Հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը տարբեր առիթներով ասել է, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբում կքննվեն այն դեպքերը, երբ զեղչվում է Վեհափառի անունը։
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի դեմ արշավից հետո կարգալույծ են հռչակվել Հովհաննավանքի քահանան՝ Ստեփան Ասատրյանը(նախկինում՝ Տեր Արամ), Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Վարդան Հունանյանը(նախկինում՝ Տեր Տարոն)։
—00—ՄԱ