ԶՈւ ատեստավորմանը բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելը խնդրահարույց է․ Աբրահամյան

Զինված ուժերի ատեստավորմանը բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելը խնդրահարույց է՝ հատկապես պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման և համալրման խնդիրների պայմաններում, հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ Հատուկ նշանակության զորքերում, հրետանիում, ՀՕՊ-ում, ավիացիայում, ռազմաբժշկականում նույն չափորոշիչներով քննություն են հանձնում:

Աբրահամյանը նշել է, որ եթե Հատուկ նշանակության ուժերի զինծառայողներն ատեստացիայով նախատեսված գումարներից բացի նաև այդ զորատեսակի համար նախատեսված հավելավճար ունեն, ապա անհասկանալի է ռազմական բժշկի, օդաչուի, տեխնիկական հետախուզության մասնագետի և այլ զինծառայողների` նույն սկզբունքներով և դրույթներով քննություն հանձնելը:

«Յուրաքանչյուրի համար իր մասնագիտությանն ու մարտական խնդրին համահունչ չափորոշումներ պետք է սահմանել, ինչը հնարավորություն կտա ըստ զորատեսակների գնահատել զինծառայողի իրական կարողությունները: Այն, որ 4 քննություններից մասնագիտականը ըստ զորատեսակների է, դա, մեղծ ասած, բավարար չէ»,- շեշտել է պատգամավորը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ շարքային կազմի պայմանագրային 31 զինծառայող ստանում է 700 հազար դրամ ու ավելի վարձատրություն։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի նիստում հայտնել էր զինվորական ատեստավորման արդյունքում զինծառայողների ավելացված աշխատավարձերի չափերի մասին։ Նրա պարզաբանմամբ՝ ատեստավորումից բավարար գնահատական ստացած, օրինակ, շարքային կազմի զինծառայողը մարտական հերթափոխություն իրականացնելու դեպքում կստանա 321 910 դրամ աշխատավարձ, եթե ստացել է լավ գնահատական, ապա աշխատավարձը կկազմի 430 910 դրամ, իսկ գերազանց գնահատականի դեպքում՝ 470 910 դրամ։

Leave a Comment