Նշված արտադրատեսակները սահմանված ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները Երևանում գտնվող «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Ինչպես նշում է տեսչական մարմինը, «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՆՄՔ) (արտադրված՝ 06․11․2025թ.), «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ) (արտադրված 06․11․2025թ.), «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր (արտադրված 06․11․2025թ.), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթնամթերք»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթի սեր Ռեժան 60%», «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով», «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
«Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ», – նշված է հաղորդագրության մեջ: