1 դեկտեմբերի 2025 – 11:50 AMT
PanARMENIAN.Net – Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրեն վերագրվող տեսագրությունները կեղծիք են և նպատակ ունեն վարկաբեկելու իրեն։
Նա հավելել է, որ իր շուրջ աղմուկը քաղաքական դիրքորոշման համար է։` հավելելով, որ թեպետ իր դիրքորոշումը դուր չի եկել իշխանություններին, միևնույն է, այսօր էլ ասում է, որ օր առաջ այս իշխանությունը պետք է հեռանան, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ կապված իր դիրքորոշումները հանրայնացնելուց հետո իրեն մի քանի անգամ հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։
«Ըստ էության, ծանուցումներ չեն եղել, պարզապես եղել են հրավեր-հանդիպումներ, և մենք հանդիպել ենք։ Ընթացքում հնարավորություն ենք ունեցել, որ իրենց դիրքորոշումը ներկայացնեն, ես՝ իմը։ Իհարկե, ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, սակայն հասկացել են, որ այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ հնարավոր լինի հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից»,– ասել է նա։
Ինչ վերաբերում է Քննչական մարմինների կողմից իրեն վերագրվող սկանդալային տեսագրություններին, նա հայտարարել է, թե դրանք իր հետ կապ չունեն։
«Իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար կամաչեմ։ Իհարկե, դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ասել եմ, որ բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այն վերագրումները ինձ բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, կենսագրության հետ, իմ արածների հետ»,– ասել է Արշակ սրբազանը։
Սրբազանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ տեսագրությունները կեղծիք և սուտ են։
«Ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով կարող են ստիպել հրաժարվել իր գաղափարներից։ Որևէ սպառնալիք, որևէ տեռոր չի կարող ինձ ստիպել անել բաներ, որ իմ համոզմունքներին դեմ», – հայտարարել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ հավելելով, որ հատկապես 2020 թվականից ի վեր իր ակտիվ հրապարակային քննադատությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հանդեպ դարձրել է իրեն թիրախ։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ տեսանյութերը, որոնք վերջին օրերին տարածվել են համացանցում, ուղղակիորեն կեղծված են և չեն արտացոլում իրականությունը։ Նրա համոզմամբ, դրանք միտված են խոչընդոտելու իր գործունեությունը՝ հատկապես քաղաքական և հոգևոր դիրքորոշումների համատեքստում։
«Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել: