«Կաթ խմիր, որ առողջ լինես» արտահայտությունը գալիս է մանկությունից: Իսկ ինչո՞վ է օգտակար կաթնամթերքը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել առողջ մարդու սննդակարգը. պարզաբանում է սննդաբան Արմինե Հակոբյանը ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. «Կաթ խմիր, որ առողջ լինես» արտահայտությունը գալիս է մանկությունից: Իսկ ինչո՞վ է օգտակար կաթնամթերքը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել առողջ մարդու սննդակարգը: Ի՞նչ կաթնամթերք պետք է ընտրել բարձր իմունիտետ ունենալու համար։
«Նովոստի-Արմենիա»-ի News Armenia Stories Youtube-յան ալիքով հեռարձակված հարցազրույցի շրջանակում սննդաբան Արմինե Հակոբյանը խոսել է այն մասին, թե ինչու՞ է հատկապես կարևոր կաթն օգտագործել վաղ հասակից և թե արդյո՞ք մեծահասակներին ցուցված է կաթ խմել և ի՞նչ չափաբաժնով։
Սննդաբանի խոսքով, շատ կարևոր է կաթի գտագործումը մանկուց, որովհետև այն ապահովում է երեխայի առողջ աճը։
«Կաթի մեջ եղած A, D, B վիտամինները, ինչպես նաև ցինկը և սելենը օգնում են , որպեսզի երեխան ունենա առողջ աճ, որովհետև դա նրա ամբողջ կյանքի համար է։ Այսինքն, մենք պետք է ի սկզբանե հոգ տանենք երեխայի ոսկրերի ամրության համար։ Թարմ խոտով սնվող կովերի տված կաթի մեջ առկա է կալցիումը, ինչպես նաև՝ ֆոսֆորը, իսկ կալցիումի և ֆոսֆորի զուգակցումն ավելի է ամրապնդում ոսկորների և ատամների ամրությունը, իսկ կաթի մեջ եղած վիտամին D-ն օգնում է այս երկուսի յուրացումը»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե մեր ոսկորներն ամուր չեն, մենք ձեռք ենք բերում օստեոպորոզ կոչվող ոսկրային հիվանդությունը։
Ինչ վերաբերում է մեծահասակների՝ կաթ օգտագործելու վերաբերյալ տարածված տարբեր մոտեցումներին, սննդաբանը նշել է, որ եթե մեծահասակները մանկուց կաթ են օգտագործել, իրենց օրգանիզմը լավ յուրացրել է կաթը, ապա իրենք կարող են իրենց սննդակարգում ունենալ օրական 100-200 գրամ կաթ, եթե, իհարկե, չունեն մարսողական խնդիրներ։
«Բացի կաթից, և՛ մեծահասակները, և՛ երեխաներն իրենց սննդակարգում պետք է ունենան կաթնամթերք, որովհետև այն հարուստ է սպիտակուցներով ու ճարպերով, որոնք կարևոր են նրանց առողջության համար»,-շեշտել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։