Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Սահմանադրության համաձայն՝ կարող է հանդես գալ քննիչ հանձնաժողովի արձանագրություններում փոփոխություններ կատարելու պահանջով։ Նա այս մասին հայտարարել է լրատվամիջոցներին տարածած հայտարարության մեջ։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին ծանոթանալն իր իրավունքն է, որը կաևորում է հատկապես Բաքվում իրականացվող «դատավարության» ու ՀՀ զինվորականների նկատմամբ տասնյակ դատաքննությունների պայմաններում:
«Օրենսդրությամբ հստակ կարգավորման առկայության պարագայում «թույլ տալու» կամ «թույլ չտալու» ձևակերպումները, ինչպես նաև գաղտնիությանը վերաբերվող հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ակնարկները համարում եմ անհիմն և անընդունելի՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած իմ պաշտոնները»,- շեշտել է նա։
Տոնոյանը ընդգծել է, որ ակնկալում է սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահին ուղղված նամակին, քանի որ հակառակ պարագայում ոչ իր և հանրության համար հասկանալի չի լինի՝ ո՞րն էր հանձնաժողի ստեղծման իրական նպատակը:
Տոնոյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Ազգային ժողովը մերժել է իր խնդրանքը՝ ծանոթանալ հանձնաժողովի զեկույցին:
Հանձնաժողովն ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, աշխատանքը երկարացվել էր երկու անգամ՝ 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին։ Հանձնաժողովի լիազորություններն ավարտվել էին 2023 թվականին։ 2024 թվականի սեպտեմբերին հանձնաժողովի նախագահը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ եզրակացությունը պատրաստ է։ Նա նշել էր, որ զեկույցում ներկայացված հայկական կողմի պարտության պատճառները տարասեռ են և բազմաշերտ: Հաշվետվությունն ԱԺ նախագահին ուղարկվել էր միայն մեկ տարի անց՝ 2025 թվականի սեպտեմբերին։
Հոկտեմբերի 1-ին ԱԺ նախագահը հայտարարել էր, որ զեկույցն ԱԺ լիագումար նիստերում ներառելու իրավական հիմքեր չկան, բայց այն հրապարակվելու է, ավելի ուշ տեղեկացրել էր, որ այն քննարկելու են փակ լսումներում։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել։
Կարդացեք նաև՝
Ժամանակ չենք խախտել․ Անդրանիկ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին
44-օրյա քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ չի գնա․ Ալեն Սիմոնյան
