Ռազմական օրագրերից մինչև քաղաքային ֆենթզի. հայ հեղինակների 15 գիրք 2025-ին – Armenia Today

Հայ գրականությունն ավանդաբար ասոցացվում է դասականների անունների հետ, սակայն երկրի ժամանակակից գրական դաշտը գնալով ավելի բազմազան է դառնում: Նոր հեղինակները բերում են թարմ թեմաներ և ձևաչափեր, հրատարակչություններն ամեն տարի թողարկում են տասնյակ ստեղծագործություններ, որոնք արտացոլում են հասարակության փոփոխությունները և նոր սերնդի ընթերցասերների հետաքրքրությունները:

Armenia Today-ը կազմել է 2025 թվականին հայ հեղինակների կողմից հրատարակված 15 գրքերի ամփոփիչ ցանկ։ Հավաքածուն ներառում է տարվա ամենանշանավոր նորույթները։

1. Գուրգեն Խանջյան, «Ինչկաչկա» 

Գուրգեն Խանջյանի ինքնակենսագրական վեպ-էսսեն բացահայտում է մանկության հիշողության և ապրումների նուրբ շերտերը: Իրեն բնորոշ անկեղծությամբ և հոգեբանական խորությամբ հեղինակը կյանքի է կոչում անցյալի թվացյալ անհետացած դրվագները՝ դրանք վերածելով ներքին ճանաչման և հանդարտ ինքնամփոփման ճանապարհի:

2. Թոնդրակ, «Վրիպակներ»

Թոնդրակի (Սմբատ Հովհաննիսյան) բանաստեղծական ժողովածուն միավորում է 2024-2025 թվականների տեքստերը և ուսումնասիրում լեզվի ծայրահեղ սահմանները: Այստեղ բառը հրաժարվում է ամրագրել իմաստը և փոխարենը բացվում է դատարկության առջև՝ այն գոտիների, ուր պոեզիան ծնվում է աղետի կողքին: Թոնդրակը բանաստեղծությունը վերածում է վկայության առանց վկայի՝ բացակայության հետքով: Դա պոեզիա է, որտեղ իմաստը սահում է, լեզուն միաժամանակ արտահայտում և ժխտում է իրեն՝ ստեղծելով տարածք, որտեղ անհնարինը հնարավոր է դառնում:

3. Սուսաննա Մելիքյան, Сусанна Меликян, «Մայրության և մանկության ազգագրություն» 

Գիրքն ընթերցողին ծանոթացնում է մայրության և մանկության հետ կապված ավանդույթներին ու արարողություններին՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր։ Մելիքյանը հատուկ ուշադրություն է դարձնում հնագույն շրջանի արարողակարգին, ժողովրդական պատկերացումներին, հավատալիքներին և գործնական գիտելիքներին, որոնք ձևավորել են երեխայի ծննդի և դաստիարակության հանդեպ վերաբերմունքը։ Հեղինակը ներկայացնում է ինչպես տեղական առանձնահատկությունները, այնպես էլ այս ավանդույթների համազգային գծերը՝ հետևելով դրանց զարգացմանը մինչ այսօր։

4. Մհեր Արշակյան, «Ուրիշի օրագրեր»

Մհեր Արշակյանի գրքում բացակայում է մեզ ծանոթ օրագրային կառուցվածքը։ Այստեղ չկան օրացուցային գրառումներ, այլ միայն ժամանակից կտրված մտքեր ու զգացումներ, որոնք արձանագրում են ցանկացած իրավիճակի թերի և ավարտուն չլինելու պարագան։ Այդ հատվածները վերածվում են ներաշխարհի կադրերի, որտեղ յուրաքանչյուր դիտարկում փորձ է՝ որսալ պահը, որը հնարավոր չէ ավարտել և հնարավոր չէ մոռանալ։

5. Հովիկ Աֆյան, «Խոզի տարի» 

Աֆյանի այս վեպը առակ է մարդու և երկրի մասին, այն սահմանագծի, որտեղ կեղտն այլևս պարզապես կեղտ չէ, իսկ գետը պարզապես գետ։ Այստեղ ամեն ինչ վերջնականապես բախվում է անձի հետ, որը նետված է այդ երկուսի մեջ։ Հեղինակը ներկայացնում է պատմություն՝ որպես ժամանակի վիրաբուժական փոխաբերություն, երբ մարդուն փոխպատվաստում են խոզի սիրտ, բայց մարդը մնում է մարդ, իսկ խոզը՝ խոզ։ Սա նաև «Աստծո դատաստան» է, որտեղ մեղադրողն ինքն էլ ոչ պակաս մեղավոր է։

Բայց ամենից առաջ սա պատմություն է մարդու մասին, որը սովորում է լողալ հոսանքի դեմ՝ անհնարին ճակատամարտը հաղթելու համար։ Վեպը առաջին հաղթանակի մասին է՝ մարդու հաղթանակի, և, հետևաբար, երկրի հաղթանակի։

6. Գրիգոր Պըլտեան «Պարը»

«Գիշերադարձ» բազմամյա շարքի տասնմեկերորդ գիրքը շարունակվում է «Բլուր» թաղամասի բնակիչների քրոնիկան։ Ամեն կերպար իր հետ բերում է հին երկրից բերված գոյապայքարի փորձը և նոր սերունդների հետ միասին ձևավորում է հակասություններով լեցուն, բազմաշերտ առօրյա։ Պատմիչը հասունանում է հատորից հատոր, հեռանում թաղամասից՝ սկզբում ուսման համար, ապա՝ նոր կյանքի որոնումներով օվկիանոսի այն կողմ, բայց մշտապես վերադառնում է այնտեղ, որտեղ ծնվել են իր պատմությունները։

Այս հատվածում Պըլտեանը ստեղծում է գրեթե ծիսական գործողություն․ նա ուսումնասիրում է անհետացման տարածքը, որտեղ ծնունդն ու ցավը միմյանց են միախառնվում մեկ ընդհանուր պարի շուրջ։ Սա մեդիտատիվ և բանաստեղծական միախառնում է՝ հիշողության, կորստի և սեփական արմատներից վերջնականորեն կտրվելու անհնարինության մասին։

7. Հովիկ Չարխչյան, «Երկիր անավարտ»

Հեղինակն ուսումնասիրում է արդի հայկական հասարակության հակասությունները․ լարվածությունը՝ անձնականի և ընդհանուրի, համոզմունքների և իրականության, փոփոխությունների ցանկության և դրանցից վախի միջև։ Յուրաքանչյուր հերոս տեղի ունեցողը տեսնում է իր փորձառության պրիզմայով, և հենց այդ տարբերություններն են նրանց տանում դեպի անակնկալ ճակատագրական շրջադարձեր։

Չարխչյանը բարձրացնում է հարցեր, որոնք ծանոթ են յուրաքանչյուրին․ ինչպես ենք որոշումներ կայացնում դժվար պահերին, ինչու են հասարակական ու պետական շահերը հաճախ տարանջատվում, և ինչ է կատարվում, երբ երկրորդականը դորս է մղում գլխավորը: Հերոսները ձգտում են անկեղծության, սակայն դա նրանց չի ազատում սխալներից։ Պարզության և պարտության պահերին նրանք ստիպված են հետ նայել, ավարտին հասցնել կիսատը և բախվել ճշմարտության ամոքող ուժին։

8. Սոնա Աբգարյան, «Պառվի ուլեր» 

Գրող և նկարիչ Սոնա Աբգարյանի դեբյուտային վեպը քաղաքային ֆանտազիա է, որտեղ տեքստն ու նկարազարդումները միահյուսվում են մի ընդհանուր աշխարհում։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո իշխանությունը զավթում են Գերբերները, իսկ Եվան ուշքի է գալիս կախարդ Տատիի տանը։ Մարդ-Անձրևանոցը վերադարձնում է նրա հիշողությունը և արդարության համար պայքարելու կամքը։ Ենթարկելով նրան ու նրա ընկերներին տարբեր փորձությունների՝ քաղաքը՝ աղքատ թաղամասերից մինչև գիշերային կանանց փողոցներ, պատրաստ է դաժան պայքարի իր ազատության համար։

9. Լուսինե Հովհաննիսյան, «Աշնան քսանչորսերորդ օրը» 

Լուսինե Հովհաննիսյանը վերջին տասնամյակների ողբերգությունները միաձուլել ու ներկայացնում է արցախցի կանանց չորս սերունդների պատմության միջոցով: Պատմության կենտրոնը մանգանի դարպասներով հին տուն է, որն այլևս գոյություն չունի, բացառությամբ Google Earth-ի վրա: Առաջին երեք կանացի ճակատագրերը հիմնված են հեղինակի ընտանիքի իրական կենսագրության վրա, իսկ չորրորդը՝ 1990-ականների սերունդների հավաքական կերպարը: Վեպը դառնում է հուշակոթող, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին այդ հուշարձանը տուն էր նրա նախնիների համար:

10. Մարկ Արեն, «Շերլոք Հոլմսի նոր արկածները» 

Մարկ Արենը նոր դիտանկյունից է մոտենում լեգենդար դետեկտիվին և նրա ուղեկից բժիշկ Վաթսոնին։ Գիրքը լի է ինտրիգներով ու անսպասելի փաստերով, իսկ Բրիտանիայի և Հայաստանի, անցյալի ու ապագայի միջև անցկացված զուգահեռները պատմությունը վերածում են իմաստների յուրօրինակ խաղի։ Սա պարզապես դետեկտիվ չէ, այլ մշակութային երկխոսություն, որը բացում է ծանոթ տիեզերքն ամբողջովին այլ տեսանկյունից։

11. Արա Թադևոսյան, «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»»

Թադևոսյանը ներկայացնում է Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հայացքների էվոլյուցիան Հայաստանի, Արցախի ու հայկական աշխարհի վերաբերյալ։ Շատ փաստաթղթեր և վկայություններ այստեղ հրապարակվում են առաջին անգամ։ Հեղինակը նաև վերլուծում է 2016–2017 թվականների իրադարձությունները, որոնք, նրա գնահատմամբ, հող են հանդիսացել 2018 թվականի հեղափոխության համար

12. Կոլյա Ստեփանյան, «Որտե՞ղ»

Հայկական ծագմամբ 22-ամյա մոսկվացի Կոլյա Ստեփանյանը 2020 թվականին ժամանել է Հայաստան, զինվորական հաշվառման կանգնել և շուտով հայտնվել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ռազմաճակատում։ Երկու շաբաթ անց նա անհետ կորել է՝ 70 օրով: «Որտե՞ղ» գրքում հեղինակը պատմում է, թե որտեղ է հայտնվել, ինչպես է ողջ մնացել և ինչպես է դուրս եկել այդ դժոխքից։ Սա ազնիվ, սուր, տեղ-տեղ ծիծաղելի, բայց առաջին հերթին բացարձակ ճշմարտացի տեքստ է։

13. Աննա Վարդանյան, «Դիանա Աբգար. հայ առաջին կին պատվավոր հյուպատոսի կյանքն ու ժառանգությունը Ճապոնիայում»

Հայ-ճապոնական հարաբերությունների հետազոտող Աննա Վարդանյանը գիրքը նվիրել է Դիանա Աբգարին՝ առաջին հայ կին պատվավոր հյուպատոսին, հումանիստին և դիվանագետին։ Հրատարակությունում ներկայացված են նոր արխիվային նյութեր նրա՝ Ճապոնիայում կատարած գործունեության մասին, բացահայտվում է նրա հումանիստական առաքելության մասշտաբը և բացատրվում, թե ինչու է Աբգարի ժառանգությունը մինչև այսօր շարունակում մնալ կենդանի։ Հեղինակի համար Աբգարը ոչ միայն հետազոտության առարկա է, այլև տոկունության և ամրության խորհրդանիշ։

14. Ալինա Պողոսյան, «Նապաստակի գլուխները հագած» 

Գրքի կենտրոնում հայ ընտանիք է, որը ապրում է ԱՄՆ-ում և Հայաստանում և փորձում է հասկանալ իր անցյալը, արտագաղթի պատմությունը և ապագան։ Պողոսյանը ներկայացնում է պատմությունը նրբորեն՝ զգուշորեն պահելով որոշակի հեռավորություն․ ցավը, շփոթվածությունը և երջանիկ լինելու ձգտումը դառնում են ճանապարհի բնական մասը։ Միչիգանի ափերից մինչև հայկական հիշողությունները՝ վեպը հավաքում է մարդկային զգացմունքների մի ամբողջ համադրություն, որոնք անցնում են իրենց բարդ ճանապարհը ամերիկյան երազանքի միջով։

15. Հայկ Դեմոյան, «Թիֆլիս. հայկական ժառանգության պատկերազարդ պատմություն»

Տարվա ամենասպասված գրքերից մեկը նվիրված է Թբիլիսի (նախկինում՝ Թիֆլիս) քաղաքին, որի զարգացման գործում հայերն առանցքային դեր են ունեցել: Հրատարակությունը ներառում է մոտ երեք հազար եզակի նյութեր թանգարաններից, գրադարաններից և մասնավոր հավաքածուներից՝ լուսանկարներ, փաստաթղթեր, ձեռագրեր, նկարչություն և փորագրություններ: Գիրքը հինգ տարվա հետազոտական և հավաքական աշխատանքի արդյունք է և յուրօրինակ հարգանքի տուրք է հայ-վրացական բազմադարյա համակեցությանը: Դեմոյանը պատմում է գործարարների և արդյունաբերողների, հոգևոր կյանքի և եկեղեցիների, հայ թատրոնի կայացման, ճարտարապետների աշխատանքի և լուսանկարիչների ժառանգության՝ մշակութային այն հարուստ շերտի մասին, որը հայերը թողել են Թիֆլիսում:

Leave a Comment