Ուզբեկստանը ազդարարեց «մեծ ինդուստրացման» լայնածավալ ծրագրի մեկնարկը․ 2026 թվականին սկսում է 782 նոր արդյունաբերական և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը՝ 52 մլրդ դոլար ընդհանուր ծավալով, օտարերկրյա գործընկերների հետ ստորագրվել են 140 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագրեր, ևս 50 մլրդ-ի ներդրումներ նախատեսում է ներգրավել 2027 թվականին։
Ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման ծավալներով 2025 թվականին Ուզբեկստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում։ Ժողովրդին և Օլիյ Մաժլիսին ուղղված իր ուղերձում նախագահ Շավկաթ Միրզիյոևը շեշտեց․ խոսքը տնտեսության համակարգային տեխնոլոգիական վերափոխման մասին է։ Արդեն 2026-ին նախատեսվում է շահագործման հանձնել 228 խոշոր արտադրական ձեռնարկություն, ինչը կդառնա նորարարական աճի մոդելին անցնելու առանցքային փուլը։
Համեմատության համար նշենք, որ ինդուստրացման ծրագիր Ղազախստանն ընդունել էր դեռևս 2010-ին, սակայն, ինչպես նշում են տեղի փորձագետները, այն չհասավ իր նպատակային ցուցանիշներին։ Դրանից հետո ԼՂՀ իշխանությունները գրեթե դադարեցին օգտագործել «ինդուստրացում» եզրույթն առհասարակ․․․

Ուզբեկստանում, ընդհակառակը, ինդուստրացումը հռչակվել է պետական ռազմավարության առանցքը։ Կառավարության հաշվարկներով՝ առաջիկա 5 տարում արդյունաբերական արտադրանքի ավելացված արժեքը կաճի 36,5-60 մլրդ դոլար, իսկ բարձր տեխնոլոգիական ոլորտներում արտադրության ծավալները կմեծանան 2,5 անգամ։ Արտահանման մեջ պատրաստի և կիսապատրաստի արտադրանքի բաժինը պետք է գերազանցի 55 %-ը։ Երկրի նախագահը հստակ ձևակերպեց բարեփոխումների տրամաբանությունը․ գլոբալ մրցակցության պայմաններում հաջողության են հասնում միայն այն երկրները, որոնք արտադրում են բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք։
Ուզբեկստանում փոխվում է նաև օտարերկրյա ներդրողների նկատմամբ մոտեցումը։ Յուրաքանչյուր ներդրված դոլար պետք է ապահովի տեխնոլոգիաների փոխանցում, արտահանման աճ և տեղական կադրերի պատրաստում։ Ազատ տնտեսական գոտիներում արդեն ներդրվում են միջազգային տեխնիկական ստանդարտներ և իրավական ռեժիմներ, ներառյալ՝ արբիտրաժի հնարավորությունը։ Ակնկալվում է, որ 5 տարվա ընթացքում սա թույլ կտա ստեղծել շուրջ 1 մլն բարձր եկամտաբեր աշխատատեղ և ներգրավել մինչև 180 մլրդ դոլարի ներդրումներ։
Ինդուստրացման մեգածրագիրն ընդգրկում է տնտեսության բոլոր առանցքային ոլորտները։ Մետալուրգիայում և հանքարդյունաբերությունում ընդլայնվելու է ոսկու, պղնձի, վոլֆրամի, կապարի և ցինկի արդյունահանումը։ Մինչև 2030-ը ոսկու արդյունահանումը պետք է հասնի 175 տոննայի։ Քիմիական արդյունաբերությունում կգործարկվեն կաոլինի, պարարտանյութերի, պոլիմերային բաղադրիչների և արտադրանքի խորքային վերամշակման նոր արտադրություններ։ Միայն 2026-ին կսկսի իրագործվել 40 նախագիծ՝ ավելի քան 500 մլն դոլար ընդհանուր արժեքով։
Առանձնահատուկ տեղ է հատկացվում թվային տնտեսությանը։ Մինչև 2030 թ․ նախատեսվում է IT ծառայությունների արտահանման ծավալը հասցնել 5 մլրդ դոլարի։ Երկրի խոշոր քաղաքներում կհիմնվեն տվյալների կենտրոններ (DC), գերհամակարգիչներ և արհեստական բանականության լաբորատորիաներ։ Ստեղծվում է Թվային տեխնոլոգիաների կենտրոն՝ արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների, անօդաչու թռչող սարքերի և ռոբոտատեխնիկայի նախագծերի համար։

Տնտեսության նման մասշտաբային փոխակերպումներին զուգահեռ՝ միաժամանակ լուծումներ են ստանալու նաև բնապահպանական խնդիրները։ Կկառուցվի աղբն էլեկտրաէներգիայի վերածող յոթ գործարան, ինչը թույլ կտա տարեկան վերամշակել միլիոնավոր տոննա թափոններ, արտադրել ավելի քան 2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա և էականորեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։
Արդյունաբերական թռիչքն ուղեկցվելու է փոքր և միջին գործարարության աջակցությամբ։ 2026-ին բանկերը տնտեսության մեջ կներդնեն գրեթե 38 մլրդ դոլար և կշարունակեն ավելացնել ՓՄԲ ֆինանսավորումը։ Այս ամենը պետք է ապահովի կայուն զբաղվածություն և բնակչության եկամուտների աճ։
Ուզբեկստանը խաղադրույք է կատարում երկարաժամկետ նպատակների վրա՝ տեխնոլոգիաներ, կադրեր և ինստիտուտներ։ Կարևորը բարեփոխումների տեմպն ու ներդրողների վստահությունը պահպանելն է։ Եթե հայտարարված ծրագրերը գոնե հիմնականում ցուցանիշների գժով կենսագործվեն, ապա երկիրն ունի Կենտրոնական Ասիայի նոր արդյունաբերական առաջատարը դառնալու բոլոր հնարավորությունները, և դատելով երկրի իշխանությունների քաղաքական կամքից, ժողովրդական աջակցությունից, ներդրողների վստահությունից՝ Ուզբեկստանն այդ շանսն իր ձեռքից բաց չի թողնի։
ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ