Սկսում ենք Նոր տարին միասին՝ նպատակ ունենալով լսելի դարձնել այն ձայները, որոնք աշխարհի տարբեր ծայրերից ամուր թելերով կապված են հայրենիքին։ Այսօր մեր եթերում ոչ թե պարզապես լրատվություն է, այլ սրտի խոսք՝ ուղղված հայապահպանությանն ու մշակութային այն ամրոցներին, որոնք կառուցում ենք Սփյուռքում։ Լրատվամիջոցը մեզ համար միայն տեղեկատվության աղբյուր չէ, այլ ինքնության պաշտպանական վահան, որը միավորում է Լիբանանը, Հունգարիան ու Հայաստանը։
Այս թողարկման ընթացքում փորձել ենք վերլուծել, թե ինչպե՞ս է սփյուռքյան լրատվամիջոցը դիմագրավում 2025-ի մարտահրավերներին և ի՞նչ տեսլականով է մուտք գործում 2026 թվական։
Կարմեն Աճեմյան. «Մենք պիտի ձևավորենք ճաշակը, այլ ոչ թե հարմարվենք դրան»

Լիբանանի «Վանաձայն» ռադիոկայանի «Ունկնդրության վայելքը» հաղորդաշարի երկարամյա հաղորդավար Կարմեն Աճեմյանի համար 2025-ը նվաճումների տարի էր։ Նրա ամենամեծ ձեռքբերումը «Աշուղների երգաշխարհ» գրքի հրատարակումն ու շնորհանդեսն էր հայրենիքում։ Սակայն Կարմենի խոսքն ավելին էր, քան սեփական հաջողության պատմությունը. այն պայքար էր որակի և ինքնության համար․ «Եթե մարդ իր կյանքում միշտ երազանք ունենա, նրա տարին անպայման հետաքրքիր կդառնա»։
Անդրադառնալով Սփյուռքում տարածվող երաժշտական անորակ հոսանքներին՝ Կարմենն արեց մի կարևոր շեշտադրում, որը պետք է ուղեցույց լինի ցանկացած լրատվամիջոցի համար. «Մենք ենք, որ պիտի բարձրացնենք ժողովրդի ճաշակը, և ոչ թե մենք պիտի հարմարվենք ժողովրդի ճաշակին»։ Կարմենը նաև նշեց, որ հայ լսարանի համար երբեմն երգից առավել կարևոր է դառնում դրա մասին խոսքը՝ անդրադարձը պատմությանն ու իրականությանը, ինչը ռադիոհաղորդավարից պահանջում է լինել ոչ միայն «ձայն», այլև մտավորական։
Սոսի Սուսանյան. «Ելքը միշտ մշակույթն է»

Հունգարական ռադիոյի հայկական հաղորդումների բաժնի փոխխմբագիր Սոսի Սուսանյանը ներկայացրեց մի իրականություն, որտեղ հայկական լրատվամիջոցը գործում է սահմանափակ ժամանակում, բայց ունի հստակ հոգեբանական առաքելություն։ 2020 թվականի պատերազմից հետո սփյուռքահայության հոգեբանական վիճակը փոխվել է, և լրատվամիջոցը ստիպված է եղել վերանայել իր մոտեցումները․
«Եթե ունես հոգեբանական ծանր ապրումներ ունեցած հասարակություն, չես կարող անընդհատ խոսել միայն ծանր խնդիրների մասին։ Ինչո՞ւ գլուխներս անընդհատ պատին զարկենք։ Ընդհակառակը՝ ելք կա, և այդ ելքը մշակույթն է»։
Սոսիի համար ռադիոեթերը դարձել է «դրական լուրերի» և բարձրարժեք արվեստի տարածման հարթակ, որն օգնում է համայնքին պահպանել հավասարակշռությունը։ Նա առանձնահատուկ նշեց, որ հայկական երաժշտությունը հիացնում է նաև հունգարացիներին, ինչը հայ մշակույթի համամարդկային ուժի ապացույցն է։
Հայաստանը՝ հույսի և վերադարձի վայր
Հաղորդման ամենահուզիչ հատվածներից մեկը վերաբերում էր հայրենադարձությանը։ Կարմեն Աճեմյանը հպարտությամբ նշեց, որ իր երկու զավակները տեղափոխվել են Հայաստան։ Սա փոխել է նաև նրա ընկալումը հայրենիքի մասին։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Կարմենը Հայաստանում տեսնում է մի կարևոր բան, որը պակասում է գաղթօջախներում. «Ժողովուրդը ընկճված չէ։ Դա շատ հետաքրքրական է։ Ես հավատում եմ զարգացմանը, գիտությանը և այն սիրուն, որ պիտի ունենանք մեր շրջապատի հանդեպ»։
Ամփոփում. 2026-ի տեսլականը
Մեր գործընկերների հետ զրույցը փաստեց, որ սփյուռքյան լրատվամիջոցը սոսկ տեղեկատվություն հաղորդող չէ. այն ինքնության պահապան է։ Լինի դա Լիբանանում աշուղական երգի պահպանումը, թե Հունգարիայում հայկական մշակույթի միջոցով հուսահատության դեմ պայքարը՝ նպատակը մեկն է. պահել հայկական շունչը բարձր որակի վրա։
Մենք 2026 թվականից ակնկալում ենք խաղաղություն և իմաստնություն։ Ինչպես նշեցին Սփյուռքի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները, մենք հարուստ ենք մշակույթով, և մեր միակ խնդիրն է՝ սովորել սիրել ու մեծարել մերը այնպես, ինչպես դա անում են օտարները։ 2026-ը պետք է լինի հենց այդ վերարժևորման տարին։